Նոյյան Տապան Հիմնադրամ

Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամ

Կփոխվի՞ գիտության ու տնտեսության նկատմամբ հանցավոր ու կործանարար քաղաքականությունը գոնե հիմա, երբ հռչակված է նոր Հայաստան

Հայաստանում գիտությանը պետք է հատկացվի ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը, որպեսզի գոնե հնարարավոր լինի խոսել գիտելիքահեն տնտեսության մասին, բայց նույնիսկ այդ նվազագույնից էլ մոտ տասն անգամ քիչ է հատկացվածը` ՀՆԱ-ի 0,25 տոկոսը: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Գիտական Հայաստան» հաղորդաշարի ընթացքում այս մասին ասաց (դիտել 18:58-ից) Հայ ճարտարագետների և գիտնականների միության հայաստանյան ներկայացուցչի տեղակալ, դոկտոր Վարդան Գևորգյանը:
«Ուսումնասիրություններ են եղել, որ Հայաստանը, բացի գիտելիքահեն տնտեսությունից, ուրիշ ճանապարհով չի կարող գնալ,- ասաց Վարդան Գևորգյանը:- Իրականում դա միայն Հայաստանի մասին չէ, այսօր երկրորդ ճանապարհ չկա` տնտեսական թռիչք ապահովելու: Ինչ-որ երկրներ կան, որ տուրիզմ, գյուղատնտեսություն, ինչ-որ այլ ոլորտներ են զարգացնում, բայց տնտեսական թռիչք երկրին ապահովում է միայն գիտելիքահեն տնտեսությունը: Արդեն մոտ 300 տարի համաշխարհային տնտեսությունն է այդ ուղղությամբ գնում, այսինքն` չկա երկրորդ երկիր, որն առանց գիտելիքահեն տնտեսության, տնտեսական թռիչք է ունեցել ու միացել առաջատարներին: Այս պարագայում քննարկելու բան չկա նույնիսկ, այսինքն` չկա երկրորդ տարբերակ, պետք է Հայաստանը գնա այդ ուղղությամբ, իսկ այդ ուղղությամբ գնալու համար պետք է Հայաստանում ինչ-որ տեղ ընդօրինակել: Հեծանիվ հայտնաբերել պետք չէ, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպական որոշ երկրներում շատ լավ այդ մոդելը մշակած է, թե ինչպես գիտությունը կապել տնտեսությանը: Ես կարծում եմ, եթե մենք օգտագործենք Ամերիկայում Ճարտարագետների ու գիտնականների միության այն անդամների պոտենցիալը, ովքեր որ պրոֆեսիոնալ են Ամերիկայում տեխնոլոգիաների առևտրայնացման, գիտական նորարարությունների առևտրայնացման ոլորտում, փորձեն այստեղի նորարարությունները, գիտնականների մշակումները, որոնք որ պոտենցիալ ունեն շուկա մտնելու, կապել ամերիկյան շուկայի հետ, դա մեծ թռիչք կարող է ապահովել Հայաստանին ու մեծ ծրագրեր բերել Հայաստան գիտական մշակումների համար, տնտեսությունն իրոք զարգանա: Անձամբ իմ մոտեցումը դա է լինելու, փորձելու եմ կապել, այս կամուրջը ստեղծել»:
Նկատենք, որ այստեղ շատ կարևոր է այն հստակեցումը, թե ինչ պետք է հասկանալ «ամերիկյան շուկա» ասելով: Եթե խոսքը հայ գիտնականների գյուտերի հիման վրա ինչ-որ սարքերի, ապրանքների արտադրության կազմակերպումն է ԱՄՆ-ի կամ որևէ այլ երկրի գործարաններում` Հայաստանում դրա արտադրությունը կազմակերպելու փոխարեն, պատճառաբանելով, որ տվյալ արտադրանքի արտադրության համար մեր երկիրը համապատասխան գործարան չունի, ապա դա մերժելի տարբերակ է, քանի որ դրանից մեր երկիրը չի շահելու կամ գրեթե չի շահելու, գյուտարարն է որոշ գումար ստանալու, որից պետությանը կարող է ինչ-որ եկամտահարկ վճարել կամ չվճարել:
Այլ խնդիր է, եթե «ամերիկյան շուկա» ասելով, պարոն Գևորգյանը կամ որևէ մեկը հասկանում են Հայաստանում արտադրված վերջնական արտադրանքի իրացումն ամերիկյան կամ նաև ամերիկյան շուկայում: Այս ուղղությամբ նրանց աջակցությունը կլինի միանգամայն ողջունելի ու կարժանանա մեծ դրվատանքի:
«Գիտական Հայաստան» հաղորդաշարով այսօրվա հարցազրույցին մասնակցում էր նաև Ամերիկայի հայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջան Սիրաջյանը:
Հարցազրույցին կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց` «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։

Արթուր Հովհաննիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

3 × three =