Համոզված լինելով, որ հայ գիտական միտքն ունի մեծ ներուժ, որը կարող է հանդիսանալ Հայաստանի զարգացման հիմնաքարերից մեկը, ինչպես նաեւ մեծ արժեք ներկայացնել համաշխարհային քաղաքակրթության զարգացման տեսանկյունից, ինչպես դա եղել է դարեր ի վեր, «Նոյյան Տապան» հիմնադրամն իր հիմնական նպատակն է նախանշել օժանդակել ժամանակակից հայ գիտնականներին եւ գյուտարարներին նրանց նորարարական մշակումները, գյուտերն ու գաղափարները հանրությանը ներկայացնելու, ինչպես նաեւ դրանցից ամենահեռանկարայինները կյանքի կոչելու հարցում:
Գաղտնիք չէ, որ գյուտարարներն ու գիտնականները հաճախ հնարավորություն չեն ունենում հանրությանը ներկայացնել նորարարական գաղափարները գյուտերը` տարբեր պատճառներով. նյութական անբավարար միջոցներ, անհասկացողություն կամ անտեսում պաշտոնական գիտության ներկայացուցիչների կողմից եւ այլն:
Գիտության եւ տեխնոլոգիաների պատմության մեջ հաճախ է պատահել, որ նորը դժվարությամբ է հաղթահարել իր ուղին տիրող գիտական կարծրատիպերի, արմատացած պատկերացումների եւ թյուր տեսությունների պատճառով:
«Նոյյան Տապան» հիմնադրամն առաջին հերթին ստեղծված է օժանդակելու համար այն գիտնականներին ու գյուտարարներին, ովքեր ունեն նորարար գաղափարներ եւ տեսություններ, սակայն տարբեր պատճառներով դրանք չեն կարողանում իրականացնել կամ ներկայացնել հանրությանը:
Նման գաղափարներն ու տեսությունները հիմնադրամի մասնագիտական խորհրդի կողմից հավանություն ստանալուց հետո ներգրավվում են հիմնադրամի նախագծերի ցանկում եւ սկսվում են տարվել աշխատանքներ դրանց՝ որպես առանձին նախագծերի, իրագործման ուղղությամբ:
Սովորաբար նախագծերը իրականացվում են հատուկ տվյալ նախագծի իրականացման նապատակով ստեղծված ձեռներկության նախնական ֆինանսավորման միջոցով: Ձեռնարկություններում խոշոր մասնաբաժիններ են ունենում ե՜ւ գյուտարարն իր գիտական թիմով, ե՜ւ հիմնադրամը, ե՜ւ աշխատանքային խումբը, որը ձեւավորվում է գյուտարարի եւ հիմնադրամի կողմից յուրաքանչյուր նախագծի համար առանձին:
Այդ ձեռնարկությունները հեռանկարային տեխնոլոգիաների հեղինակների մասնակցությամբ կամ ղեկավարությամբզբաղվում են նորարարության եւ այդ տեխնոլոգիաների հետագա մշակմամբ, արտադրությամբ եւ ներդրմամբ:
Այսպիսով, հիմնադրամի նպատակներն են.
1. Աջակցել գիտական մտքի զարգացմանը:
2. Պատրաստել և վերապատրաստել գիտության տարբեր ոլորտների մասնագետների:
3. Ստեղծել գիտական եւ տեխնոլոգիական տեղեկատվական ցանց:
4. Անցկացնել գիտական սեմինարներ, կոնֆերանսներ եւ համաժողովներ:
5. Աջակցել գիտնականների, հետազոտողների եւ գյուտարարների կողմից մշակված նոր տեխնոլոգիաների ստեղծմանն ու հանրայնացմանը, դրանց ներդրմանը արտադրության եւ տնտեսության մեջ:
6. Օժանդակել գիտնականներին եւ գյուտարարներին նրանց նորարարական մշակումները հանրությանը ներկայացնելու հարցում: Ստեղծել ձեռնարկություններ, որոնք նորարարության եւ հեռանկարային տեխնոլոգիաների հեղինակների մասնակցությամբ կամ ղեկավարությամբ զբաղվում են այդ տեխնոլոգիաների հետագա մշակմամբ, արտադրությամբ եւ ներդրմամբ:
7. Ստեղծել գիտնականների, հետազոտողների եւ գյուտարարների ստեղծագործական գաղափարներին նպաստող միջավայր` քննարկման հարթակների, հեռուստահաղորդումների, պարբերականների, կայքերի, մասնագիտացած ակումբների եւ այլ տեսքով:
8. Նպաստել Հայաստանում երիտասարդների որակյալ կրթություն ստանալուն եւ գիտնականների մասնագիտական վերապատրաստումների անցկացմանը: