Նոյյան Տապան Հիմնադրամ

Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամ

Մենք արդեն ստեղծել ենք տվիչներ սեյսմիկ ոլորտում, որոնք աշխարհում առաջին տեղն են գրավում զգայունության տիրույթում

Հայաստանում դեռ մնացած մեր գիտնականները կարող են համաշխարհային խնդիրներ լուծել: Այս համոզմանն է Ճարտարագետ, Ամերիկայի հայ ճարտարագետների և գիտնականների միության խորհրդի անդամ, Հայաստանում գիտության զարգացման մեջ որոշակի ներդրում կատարած Լևոն Թորոսը, որը երկար ժամանակ, դեռ 1991 թվականից հետո ուսումնասիրել է մեր երկրի գիտական ներուժը:
«Մեր գիտնականները գերխնդիր լուծողներից են, որևէ մի տեղ որ լինեն, Հայաստանում լինեն, թե դրսում լինեն, նրանք լուծել են և լուծում են գերխնդիրներ, որոնցով աշխարհը հետաքրքրված է,- «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի «Գիտական Հայաստան» հաղորդաշարի այսօրվա թողարկման ընթացքում ասաց Լևոն Թորոսը:- Մենք արդեն ստեղծել ենք տվիչներ սեյսմիկ ոլորտում, որոնք առաջին տեղն են գրավում զգայունության տիրույթում, չկան ոչ ամերիկյան, ոչ ռուսական, ոչ էլ Եվրոպայում, որևիցե տեղ, որ կարողանան մրցել այդ տիրույթում: Հետաքրքրվող ապագա հաճախորդներ են լինում անվտանգության ոլորտում` կառավարությունները, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգները հետաքրքրված է այդ ապրանքը գործածել` իր սահմանները պահպանելու համար, և էլի ուրիշ երկրներ` Հնդկաստանը, Իսրայելը, երկրներ, որոնք անվտանգության խնդիր ունեն, հետաքրքրված են: Մենք էլ ջանում ենք աշխատատեղերը Հայաստանում ստեղծել, որ աշխատատեղերը Հայաստանում են լինում, օգնում են տնտեսությանը»
Անդրադառնալով այն հարցին, թե էլ ինչ ոլորտներում են կիրառելի այդ տվիչները և որոշակի ինչ հնարավորություններ են ընձեռում, Ճարտարագետն ասաց.
«Կան մի քանի տասնյակ կիրառումներ, որոնք իրար հետ կապ չունեն: Ոլորտները հետևյալներն են: Առաջինը` սահմաններում թաղում են, և մարդու քայլելը զգում է 300 մետրից ավելի հեռու, իսկ մեքենայի շարժը` կիլոմետրերից, տանկինը` 6-7 կիլոմետրից…»:
Հայ գիտնականների ստեղծած տվիչների կիրառության մեկ այլ ոլորտ է ընդերքում նավթի և գազի հայտնաբերումը: Այդ նպատակով համապատասխան տվիչների պահանջարկը համաշխարհային շուկայում ավելի մեծ է, քանի որ այդ սարքերը գետնի տակ ավելի խորն են «տեսնում», նույնքան կարևոր է մեծ լուծողականությունը, որը թույլ է տալիս տարբերել, ասենք, նավթը գազից: Լևոն Թորոսի հավաստմամբ, այսօր համապատասխան վայրերում միջինը 14 տեղ հորատում են, որ դրանցից գոնե մեկով հասնեն նավթի պաշարներին, մինչդեռ մեր գիտնականների ստեղծած տվիչը հնարավորություն է տալիս 14 հորատում կատարելու և, ասենք, 14 միլիոն դոլար ծախսելու փոխարեն, 1-2 միլիոն դոլար ծախսել և ընդամենը 1-2 հորատում կատարելով, լուծել նույն խնդիրը:
Այսօր բժշկական «աչքի» զգայունությունը 1 հերց հաճախականությունից բարձր է, նրանից ավելի ցածր հաճախականությունները` մեկ տասներորդ, մեկ հարյուրերոր, մեկ հազարերորդ հերց հաճախականությունները չի կարող չափել, մինչդեռ հայ գիտնականների ստեղծած տվիչը լինելով բջջային հեռախոսի օբյեկտիվի չափ, թույլ է տալիս հայտնաբերել, չափել նույնիսկ այն բաները, որոնք բժշկությունը դեռ չի չափել, այսպիսով հեղափոխություն առաջացնելով բժշկական ոլորտում, անել մի բան, որը դեռևս չեն արել:
«Քանի որ նոր ֆիզիկական դաշտում ենք, ունակությունը լինում է 1 նանոմետր չափող, լուծող սարք»,- ասաց Լևոն Թորոսը և հավելեց, որ դա թույլ է տալիս ստեղծել 1 նանոգրամ չափող սարքեր, ինչն արդյունաբերության տարբեր ոլորտներում մեծ կիրառում ու պահանջարկ ունի:
«Նոյյան Տապան»-ի «Գիտական Հայաստան» հաղորդաշարի այսօրվա թողարկման մյուս հյուրերն էլ` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Օգաննեսյանը և Ամերիկայի հայ ճարտարագետների և գիտնականների միության նախագահ Ջան Սիրաջյանը, պատասխանել են Հայաստանում գիտության զարգացման և գիտության ոլորտի հետ կապված այլ հարցերի:
Հարցազրույցին կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց` «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան»‰ հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդումը վարել է «Նոյյան Տապան»-ի տնօրեն Տիգրան Հարությունյանը:

Արթուր Հովհաննիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

15 − eleven =