Նոյյան Տապան Հիմնադրամ

Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամ

ՀՀ իշխանությունները սովորաբար խուսափում են հելիոֆիկացիայի ծրագրի իրականացումից, բայց դրա համար ստիպված են լինելու բացատրություն տալ

«Գիտության աջակցման հիմնադրամի» գյուտարարների ակումբն այսօր «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում կազմակերպել էր իր երրորդ հավաքը: Բանախոսը Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանն էր: Նա անդրադարձավ և իրենց նոր հաջողություններին, և հիշյալ ծրագրի իրականացման հարցում առկա խոչընդոտներին: Պարոն Համազասպյանի համոզմամբ, այսօր առավել ևս, քան նախկինում, Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է զարգացնել արդյունաբերությունը, տնտեսությունը` հիմնվելով նոր գյուտերի, նոր գաղափարների վրա, մենք մեր հույսը պետք է դնենք մեր սեփական մտքի, մեր սեփական գաղափարների, մեր գիտության վրա: «Հելիոֆիկացիայի գաղափարն իմ մոտ առաջացավ այն ժամանակ, երբ Սովետական Միությունը քանդվեց, և մեր ռազմական արդյունաբերության ոլորտում տեղի ունեցավ կոնվերսիա,- ասաց Վահան Համազասպյանը:- Մեր շուկաները փակվեցին, մեր 150 խոշոր գործարաններ, որոնք բոլորը համալրված էին այն ժամանակվա համար ժամանակակից տեխնիկայով, բարձր տեխնոլոգիաների հաստատություններ էին, միանգամից փակվեցին, ու պետք էր մտածել ինչ նոր քաղաքացիական արտադրանք գտնել, որոնցով կարելի կլիներ այդ գործարաններն աշխատեցնել: Ամսի 30-ին վարչապետը կազմակերպել է քննարկում` «Ինչպես զարգացնենք Հայաստանի տնտեսությունը» թեմայով, և այնտեղ ևս պատրաստվում եմ հանդես գալ ելույթով: Ի սկզբանե, վարչապետի հարցադրման մեջ ես մի մեծ սխալ եմ տեսնում, որ հրավիրել է հիմնականում ֆինանսիստներին և տնտեսագետներին, որպեսզի հարցերը քննարկեն: Այսօր տնտեսագետների ու ֆինանսիստների խնդիր չկա, այսօր խնդիրը դրված է միայն մեր գիտության, գիտատար ճյուղերի զարգացման վրա: Միայն դա կարող է փրկել մեր տնտեսությունը կործանումից Հելիոֆիկացիան ենթադրում է արևային տեխնիկայի մասսայական օգտագործումը տնտեսության մեջ և մասնավոր հատվածում: Գյուղերում մենք ունենք 350 000 տնտեսություն, եթե 350 000 տնտեսություն օգտագործի մեր մշակած անհատական օգտագործման արևային սարքերը` յուրաքանչյուրը 20 կիլովատ ժամ հզորության, դա արդյունքում, Հայաստանի արևը հաշվի առած, կտա, հինգ Հայկական ատոմակայանի չափ լրացուցիչ էներգիա: Թե ինչ կարելի է անել այդ էներգիայով, մենք արդեն պատկերացնում ենք»: Գիտնականի հավաստմամբ, արևային տեխնիկայի օգտագործումը շատ մեծ հնարավորություններ է ընձեռում, ներառյալ` հավի ծերտի վարակազերծումը և դրա օգտագործումը, այնպիսի թութ աճեցնելը, որում գլյուկոզա գրեթե չկա, ֆրուկտոզա է, հետևաբար կարող է օգտագործվել շաքարային դիաբետով տառապողների կողմից, (նրանց քանակը Հայաստանում էլ շատ մեծ է, իսկ աշխարհում` ահռելի), մրգերի, գյուղատնտեսական այլ արտադրանքների ջրազրկումը, չորացումը, փչացումը կանխելը, գինուց որակյալ և սովորականից շուրջ 20 տոկոս էժան կոնյակի սպիրտ ստանալը, և, իհարկե, էլեկտրական, ջերմային էներգիաների արտադրությունը և այլն: «Եթե մենք կարողանանք մեր, ասենք, թութը, որը թափվում, գնում է, էներգիա չլինելու պատճառով չենք կարողանում վերամշակել, հելիոֆիկացիայի արդյունքում կարող ենք վերածել մի հիանալի արտադրատեսակի, որը կարող է օգտագործվել աշխարհի տարբեր տեղերում բիզնես կազմակերպելու համար»,- ասաց Վահան Համազասպյանը: Սակայն, ինչպես Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակը նշեց, արևային տեխնիկան Հայաստանում այսօր չի զարգանում: «Արևային տեխնիկայի զարգացման հիմքերը,- շարունակեց գիտնականը,- դրեց ակադեմիկոս Պարիս Հերունին, սակայն չհասցրեց ավարտել իր «Արև» ծրագիրը: Շատ հիանալի պատենտավորված առաջարկություն էր, շատ դժվար է գնում նաև մեր հելիոֆիկացիայի ծրագիրը: Պետք է առաջին հերթին կազմակերպել արևային սարքերի մասսայական արտադրությոնը, և այնուհետև գտնել կիրառման ոլորտները… Այստեղ մենք հնարավորություն ենք տեսնում, որ կարելի է փոխել նույնիսկ տնտեսության զարգացման հայեցակարգը: Եթե աշխարհի բոլոր զարգացած երկրները, գիտություն ունեցող երկրները խնդիր են դնում իրենց մոտ զարգացնել գիտատար, ոչ էներգատար և ոչ նյութատար ոլորտները, ասենք, թեթև տեխնոլոգիաները, ապա այստեղ հելիոֆիկացիայի պարագայում մենք կարող ենք զարգացնել գիտատար, խիստ էներգատար և ոչ նյութատար ոլորտները` հույսը դնելով արևի ջերմային` շատ էժան էներգիայի վրա: Մեր իշխանությունները սովորաբար խուսափում են այս խնդիրը քննարկելուց»: Արթուր Հովհաննիսյան Nyut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

13 − six =