Նոյյան Տապան Հիմնադրամ

Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամ

Հայ մասնագետները փորձում են Հայաստանում ներդնել Էկոտան յուրօրինակ նախագիծ

Հայաստանում փորձ է արվում ներդնել Էկոտան յուրօրինակ նախագիծ, որը կարող է հեղաշրջում մտցնել շինարարական տեխնոլոգիաների և տնաշինության ոլորտում:

Այս մասին Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացման և հեռանկարային լուծումներին աջակցող «Նոյյան Տապան» հիմնադրամի նախաձեռնած «Գուտարարների ակումբի» հերթական քննարկման ժամանակ նշեց շվեդական «Սոլթեք» ընկերության Հայաստանյան ներկայացուցիչ «Արսմարթսիմ» ՍՊԸ -ի տնօրեն Նորայր Հովակիմյանը:
Ըստ նրա` 50 հազար դոլարի սահմաններում կարելի է ունենալ նորագույն տեխնոլոգիաների, լիարժեք ջերմամեկուսացման և այլընտրանքային էներգիայի կիրառմամբ ստեղծվող էկոտուն, որն ավելի էֆեկտիվ է ինչպես առողջության, այնպես էլ ընթացիկ ծախսերի խնայողության տեսանկյունից:


Ն. Հովակիմյանի տեղեկացմամբ` էկոտների ստեղծման աշխատանքներում նախատեսում են կիրառել մարտկոցային համակարգեր, որոնք նորություն են Հայաստանում և ունեն 25-30 տարվա շահագործման երաշխիք:

«Հարգ» ճարտարապետական ընկերության տնօրեն, նախաձեռնության համահեղինակ Գագիկ Հարությունյանի փոխանցմամբ` էկոտները կառուցվելու են բնական նյութերից, մասնավորապես, փորձում են փոխարինել երկաթ-բետոնե կոնստրուկցիաները, ծածկերի փոխարեն օգտագործելու են մաքուր փայտ, կամ ДСП.
«Էկոտների մեջ օգտագործելու ենք արևի, քամու, ջրի էներգիաները և բնական նյութեր, ինչը հնարավորություն կտա տանտերերին ազատվել էլեկտրաէներգիայի և տաք ջրի համար նախատեսված ծախսերից»,- նշեց Գ. Հարությունյանը` հավելելով, որ սովորական տների սենյակներում օգտագործվող նյութերի 80 տոկոսը վնասակար է մարդու առողջությանը։
«Օնիքս ԳԸ» ընկերության տնօրեն Գագիկ Կիրակոսյանի խոսքերով` էկոտան լուծումների հիմքում հիմնականում ընկած են կոմպոզիցիոն նյութերը, որոնք շատ լավ փոխարինում են փայտին և մետաղին:

«Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանում զբաղվում ենք ապակեպլաստի արտադրությամբ, որը փորձարկումների արդյունքում ցույց է տվել, որ երկու անգամ ավելի ամուր է, քան պողպատը»,- նշեց Գ. Կիրակոսյանը:

Վերջինիս խոսքերով` ներկայումս միակ խնդիրն այն է, որ ամբողջ հումքը բերվում է արտասահմանից, ինչն արտադրություն կազմակերպելու տեսանկյունից անլրջություն է:
Գ. Կիրակոսյանը հույս ունի, որ շատ կարճ ժամանակում կոմպոզիցիոն նյութերի արտադրությունը կհիմնվի տեղական հումքի վրա:

Մասնագետների պնդմամբ` էկոտների ինքնարժեքը չի գերազանցի քառակուսի մետրի համար 300 դոլարը, ինչն այսօր առանձնատան համար «ֆանտաստիկ» թիվ է համարվում:

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

thirteen − 11 =