Նոյյան Տապան Հիմնադրամ

Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամ

Հայ երիտասարդ գյուտարարները կարող են աշխարհում մրցունակ նախագծեր և գյուտեր մշակել

«Հայաստանում երիտասարդ գյուտարարները մեծ ներուժ և շատ խելացի գաղափարներ ունեն, որոնք անհրաժեշտ է գնահատել և նպաստել դրանց զարգացմանը»,- համոզված են Հայաստանի երիտասարդ գյուտարարները:
Գյուտարար երեխաների օրվա կապակցությամբ հունվարի 18-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում երիտասարդ գյուտարարներ Անի և Լևոն Ասատրյաններն ու Արշակ Խաչատրյանը սեփական օրինակով ցույց տվեցին, որ մեծ ցանկության և համապատասխան հնարավորությունների դեպքում կարող են մշակել աշխարհում մրցունակ նախագծեր և գյուտեր:

19-ամյա Անի Ասաատրյանի փոխանցմամբ` ինքը մի շարք ռոբոտների հեղինակ է, դրանցից նա առանձնացնում է հատկապես «Սահմանապահ Տուռել» ավտոմատ կամ հեռակառավարվող ոբոտը, որը նախատեսված է սահմաններում զինվորներին փոխարինելու համար:

Ըստ նրա` ինքը վերոնշյալ ռոբոտը 2014-ին ներկայացրել է «DigiCamp» (ԻՏՁՄ) ճամբար-մրցույթին, սակայն գաղափարի ոչ մասշտաբային լինելու պատճառով այն չի համապատասխանել մրցույթի չափորոշիչներին, ուստի որոշել է այն չիրականացնել. «Սա հնարավորություն էր, որպեսզի ներկայացնեինք մեր գաղափարները՝ հետագայում դրանք դարձնելով Start-up բիզնես: Իմ առաջարկած գաղափարն այնքան էլ բիզնեսային բնույթ չուներ»:
Ա. Ասատրյանի խոսքերով` նմանատիպ գյուտերն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ են մեծ չափով ֆինանսական միջոցներ և կատարելագործված գիտելիքներ, որոնք կարելի է ստանալ արտերկրում համապատասխան կրթություն ստանալով:
«Միակ հնարավորությունը, որը կարելի է Հայաստանում օգտագործել, դա մրցույթներով առաջ գնալն է, երբ մարդիկ տեսնում են փաստաթղթեր, հասկանում են, որ դա դու ես արել, վստահում են քեզ, իսկ ինքնուրույն գործելու դեպքում մեր շանսերը քչանում են»,- ասաց նա:
ՀԱՊՀ Կիբեռնիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհին աշխատում է նաև «Այբ» դպրոցում որպես Ռոբոտիկայի լաբորատորիայի լաբարանտ և վարիչի օգնական։

 

2011-ից սկսած՝ Պոլիտեխնիկի վարժարանի խմբակին ներգրավված լինելով՝ մասնակցել է տարբեր մրցույթների և «DigitecExpo» ցուցահանդեսներին։ Ա. Ասատրյանը տեղեկացրեց, որ 2011-2013 թվականների ընթացքում տարբեր նշանակության ռոբոտներ է պատրաստել, որոնք ներկայացվել են «DigitecExpo»-ներին։ Դրանց մեջ է մտնում նաև տորթ կտրող ռոբոտը։

2013-2014 թվականների ընթացքում մասնակցել է ԻՏՁՄ-ի կազմակերպած «Ռոբոտներն Առօրյայում» գաղափարների մրցույթին թիմով, որի անդամ է նաև Լևոն Ասատրյանը, և գրավել են 3-րդ տեղը՝ ներկայացնելով Ապակի մաքրող ռոբոտ։ 2014թ․մասնակցել է «EcoRobot» (ԻՏՁՄ) մրցույթին և գրավել 2-րդ տեղը։ 2015թ․ մասնակցել է MIT համալսարանի և «Fab Foundation»-ի կողմից աշխարհով տարածված «FabLab»-երի Դիլիջանի կենտրոնական դպրոցի և Երևանի «Այբ» դպրոցի մեջ այդ լաբերի պատրաստման աշխատանքներին։
Ա. Ասատրյանի եղբայր` Լևոն Ասատրյանի տեղեկացմամբ` իրենց թիմը ներկայումս աշխատում է «Ճպըզզզ» անունով ավտոմատ կառավարվող լցնովի պաղպաղակի ռոբոտի իրագործման վրա:

 

Նրա փոխանցմամբ` նշյալ ռոբոտը բացառում է մարդկային գործոնը, այսինքն` այդ ռոբոտի կիրառումը թույլ կտա առանց աշխատողների երեխաներին պաղպաղակ մատուցել:
««Ճպըզզզ» ռոբոտի ստեղծման հիմնական նպատակը բիզնես ուղղությունն էր, քանի որ այդ տեսանկյունից սա շահավետ է այն առումով, որ շատ քիչ ֆինանսական միջոցներ է պահանջում աշխատելու համար՝ միայն հոսանքի աղբյուր, իսկ մարտկոցները կարող են թարմացվել 4-5 ամիսը մեկ»,- ասաց Ա. Ասատրյանը` հավելելով, որ ռոբոտը ներկայումս լայն կիրառություն չունի այն պարզ պատճառով, որ ռոբոտը չի գովազդվել:

 

Վերջինիս պնդմամբ` Հայաստանում ներկայումս ավելի հեշտ է դպրոցահասակ երեխաներին գյուտեր մշակել և իրագործել, քանի որ դպրոցահասակներին ավելի շատ են օգնում, մինչդեռ ուսանողներին օգնելու համար նրանցից բիզնես պլան են պահանջում, այնպիսի թղթեր, որոնք հեշտ չէ ձեռք բերել, ինչպես նաև արդեն իսկ կատարված աշխատանքներ:
Մեկ այլ երիտասարդ գյուտարար Արշակ Խաչատրյանի խոսքերով` ներկայումս աջակցում է Google ընկերության կողմից ստեղծված Polymer նախագծին և “Getting Started with Polymer” խորագրով գիրք է գրում, աշխատում է իր կողմից ստեղծված ` “POP: website builder” պրոդուկտի վրա, այն 360 (VR) կայք պատրաստելու գործիք է: Մինչ այդ նա աշխատել է հայկական ` X-Tech, BetConstruct, 360Stories ընկերությունների հետ:
Ա. Խաչատրյանի տեղեկացմամբ` 2015 թվականին մասնակցել է Kolba Lab -ի կողմից կազմակերպած մրցույթին և AMP պրոյեկտը ներկայացնելով հաղթել:
2016 թվականին հրավեր է ստացել ընդգրկվել CSS Design Awards կայքի ժյուրիի կազմում:

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

2 × 1 =