Նոյյան Տապան Հիմնադրամ

Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամ

Հայ ինժեներների մշակած ջերմային էներգիայի կուտակիչները կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը

Հինգ տարի է պահանջվել «ԷԼՕ» նորարական տեխնոլոգիական ՓԲԸ-ի ինժեներարական խմբից ստեղծելու բարձր պոտենցիալային, փոքրածավալ և բարձր ջերմունակությամբ արևի ջերմային էներգիայի կուտակիչներ, որոնք կարելի է օգտագործել արդյունաբերական գյուղատնտեսության զարգացման, էներգետիկայի, սարքաշինության ճշգրիտ ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Այս մասին «Նոյյան Տապան» գիտությանը, նորարարական տեխնոլոգիաներին և հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամի` «Գյուտարարների ակումբ»-ի հերթական քննարկման ժամանակ տեղեկացրեց ակումբի անդամ, «Էլեկտրոնստանդարտ» ՀԳՀԻ ՓԲԸ ղեկավար Սամվել Թադևոսյանը:
Ըստ նրա` ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ահազանգում են համաշխարհային ճգնաժամի երկարատևության մասին, հետևաբար հատկապես փոքր պետությունները պետք է կարողանան ճիշտ գնահատել բոլոր ռիսկերը` դրանցից հնարավորինս արդյունավետ կերպով խուսափելու համար: Գյուտարարի կարծիքով` ոչ բավարար ռեսուրսների, ֆինանսատնտեսական ոլորտների անհամաչափ զարգացվածության և պատկան մարմինների անգործության հետևանքով Հայաստանը` որպես լիարժեք շուկայական երկիր դեռևս ձևավորված չէ, ուստի օր առաջ անհրաժեշտ է զարկ տալ նոր տեխնոլոգիաների զարգացմանը: Անդրադառնալով ջերմային էներգիայի կուտակիչներին , Ս. Թադևոսյանը տեղեկացրեց, որ դրանց հիման վրա՝ որպես ջերմային էներգիայի էներգետիկ էլեմենտներ, կարող են նախագծվել և պատրաստվել նոր սերնդի կիրառական և տեխնոլոգիական նշանակության հելիոսարքավորումներ, ջերմային պահեստարաններ, ջեռուցման համակարգեր, մոդուլային կառուցվածք ունեցող նոր տիպի արևային էլեկտրոկայաններ՝ միկրոտուրբիններ: Գյուտարարի փոխանցմամբ, ի սկզբանե իրենց խնդիրն է եղել ստեղծել բարձր ջերմունակությամբ նյութեր և հենց դրա հաշվին փոքր ծավալներում բարձր պոտենցիալային ջերմունակություն ստանալ: «Դա նշանակում է, որ ջրի կամ այլ ջերմային կուտակիչների համեմատ օգտագործողը կունենա մոտավորապես տասն անգամ ավելի շատ ջերմություն»,- փաստեց գյուտարարը:

Վերջինիս խոսքերով` էներգիայի կուտակիչների աշխատանքային ջերմաստիճանային տիրույթը` 100- 350°C և ավելի է, որն էլ հնարավորություն կտա արևային էլեկտրակայանի ձևով միկրոտուրբիններ ստեղծել: «Այդ էլեկտրակայանը ոչ թե կլինի մի ամբողջ շենք, այլ կլինի միկրոտուրբինների տեսքով, որոնց գումարային արդյունքը կլինի հզոր էլեկտրակայանի ստեղծման չափով, իսկ ահա միկորտուրբինները կաշխատեն այն վայրերում, որտեղ ջերմաստիճանը կլինի 1000-1200°C»,- ընդգծեց նա: Ս.Թադևոսյանի փոխանցմամբ` երկրորդ ծրագիրը, որում կօգտագործվեն ջերմային էներգիայի կուտակիչները, ջերմային էներգիայի պահեստարաններն են. «Այսինքն` արևային ժամերին, լինի ամառ թե ձմեռ, մենք կունենանք ջերմային էներգիայի կուտակում, որն անհրաժեշտության դեպքում կօգտագործվի ըստ նպատակի»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանում առկա բոլոր բազալտային փոսորակները կարելի է կիրառել` որպես ջերմային էներգիայի պահեստարաներ: Գյուտարարի պնդմամբ` իրենց կողմից ներկայացված ծրագրերն ամբողջությամբ ներդրումային են, որոնք կյանքի կոչելու դեպքում Հայաստանի տնտեսությունում էական առաջընթաց և զարգացում կարձանագրվի: Սառա Մելքոնյան, «Նոյյան Տապան»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

nineteen − fifteen =