Նոյյան Տապան Հիմնադրամ

Գիտությանը, նորարական տեխնոլոգիաների զարգացմանը եւ հեռանկարային լուծումներին աջակցող հիմնադրամ

Արևային գործարանների նոր ծրագիրը կարող է ընդմիշտ փակել ռուսական շուկան թուրքական գյուղմթերքի համար. գյուտարար

Ռուս-թուրքական վատ հարաբերությունների պատճառով Թուրքիան Ռուսաստանում կորցրել է չրեղենի շուկան, ուստի հայ գյուտարարները փորձում են օգտվել ստեղծված պատմական պահից, ակտիվորեն համագործակցել Իրանի հետ` համատեղ ստեղծելով արևային գործարաններ: Ինչպես հունվարի 30-ին Գիտությանը, նորարա
րական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամի կազմակերպած «Գյուտարարների ակումբի» հերթական քննարկման ժամանակ նշեց Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վահան Համազասպյանը, արևային գործարաններում վերամշակված չրերն ու քաղցրավենիքը մեկ-երկու տարում կարող են գրավել ոչ միայն ռուսական, այլև եվրոպական շուկան:

Ըստ նրա` արևային գործարանները կարելի է ստեղծել Հայաստանի և Արցախի գյուղերում, ինչպես նաև Իրանում, իսկ դրանցում վերամշակված գյուղմթերքն ունենալու է բարձր որակ և ցածր ինքնարժեք: «Ռուսական շուկան հնարավոր է մեկ-երկու տարով փակ մնա Թուրքիայի համար, այս ընթացքում մենք պետք է հասցնենք ոչ միայն արևային տեխնոլոգիաներով վերամշակված գյուղմթերք արտահանել, այլև գյուղմթերքներ արտադրող գործարաններ»,- ասաց Վ. Համազասպյանը` հավելելով, որ բոլոր հնարավորությունները կան ռուսական շուկան թուրքական մթերքների համար ընդմիշտ փակելու համար: Վերջինիս խեսքերով` հայ-իրանական սպասվելիք համագործակցության շրջանակներում նախատեսված արևային գործարանների կառուցումը հնարավորություն կտա գյուղերի բնակիչներին տեղում իրացնել սեփական գյուղմթերքը:

Ներկայացնելով արևային գործարանների նախագիծը` մասնագետը նշեց, որ կախված գյուղերի մեծությունից յուրաքանչյուր արևային գործարանի արժեքը կարող է տատանվել 500 հազարից մինչև 1մլն դոլարի սահամաններում, փոխարենը դրանցում արտադրված մթերքներն ամբողջ աշխարհում համարվում են էկոլոգիապես մաքուր և ունեն մեծ պահանջարկ, ինչն ինքնաբերաբար բարձրացնում է դրանց ստատուսը միջազգային շուկայում: Վ. Համազասպյանի փոխանցմամբ` արևային պանելներով և էլեմենտներով հագեցած գործարաններում կարելի է արտադրել չրերի տարբեր տեսակներ, արևային քաղցրավենիքներ, տոմատի մածուկ, սմբուկի խորոված, ծիրանի ջեմ և այլն:Անդրադառնալով Հայաստանի պետական կառույցների հետ ներկայացված ծրագրերի շուրջ համագործակցությանը` Վ. Համազասպյանը ցավով փաստեց. «Կառավարության գործողությունները մեզ` գյուտարարներիս համար հասկանալի չեն. Մարդիկ խոսում են հայ-իրանական համագործակցության եւ ներդրումների մասին, սակայն այդ շրջանակներում բազմիցս իմ կողմից ներկայացված ծրագրերը մնացել են անարձագանք»:

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

12 + seventeen =