«Նոյյան Տապան» Հիմնադրամի «Գյուտարարների ակումբի» անդամները հանդիպել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչներին
Գիտությանը, նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը և հեռանկարային լուծումերին աջակցող «Նոյյան Տապան» Հիմնադրամի շրջանակներում գործող «Գյուտարարների ակումբի» անդամ գիտնականները հնարավորություն ունեցան երկրի պաշտպանությանն ուղղված իրենց առաջարկները և լուծումները ներկայացնել ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնյաներին՝ հեռանկարային համագործակցության նպատակով:
«Գյուտարարների ակումբի» քննարկմանը ներկա էին նաև ՀՀ ՊՆ Ռազմաարդյունաբերության վարչության պետ Մուրադ Իսախանյանը և ՀՀ ՊՆ ռազմատեխնիկական ծառայության պետ, գնդապետ Կամո Միրզոյանը, ովքեր ողջունեցին «Նոյյան Տապան» Հիմնադրամի այս նախաձեռնությունը եւ պատրաստակամություն հայտնեցին համագործակցել Գյուտարարների ակումբի հետ:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ ՊՆ Ռազմաարդյունաբերության վարչության պետ Մուրադ Իսախանյանը, այս տարվա մարտի 25-ին ընդունվել է եւ արդեն գործում է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն ՀՀ ՊՆ կազմում պետք է ստեղծվի ռազմաարդյունաբերության պետական կոմիտե և ռազմաարդյունաբերության հանձնաժողով, որին կից գործելու են ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհուրդներ, ինչը ենթադրում է հայ գյուտարարների կոնկրետ առաջարկների ուսումնասիրություն և դրաց համապատասխան արձագանք պետական կառույցի կողմից:
Ըստ նրա` ողջունելի է, երբ հայ գյուտարարները ձգտում են երկրի պաշտպանությանն ուղղված առաջարկներ և լուծումներ գտնել, սակայն չպետք է մոռանան, որ ՀՀ ՊՆ-ն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի կարող բոլոր առաջարկներն ուսումնասիրել և արձագանքել: «Մինչ օրս տարբեր անհատներից, կազմակերպություններից ստանում ենք բազմաթիվ առաջարկներ, դրանց հեղինակներից յուրաքանչյուրին թվում է, թե իր առաջարկն է ամենակարևորը ԶՈւ-ի համար, մինչդեռ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն է որոշողը, թե այդ գյուտերից որն է հարկավոր բանակին, որը՝ ոչ»,- ընդգծեց ՊՆ ներկայացուցիչը: Մ. Իսախանյանի խոսքերով` վերոնշյալ ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհուրդների նպատակն է, որպեսզի այսուհետ անհատների կամ հայկական ընկերությունների կողմից արվող առաջարկները հնարավորինս մանրամասնորեն ուսումնասիրվեն և անհրաժեշտության դեպքում ներդրվեն ՀՀ Զինված ուժերի համակարգում:
Վերջինիս տեղեկացմամբ` ներկայումս ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերության հիմնական խնդիրները երեքն են` արդեն գոյություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի սարքին վիճակում պահելը` դրանց սպասարկումից մինչև հիմնարար նորոգում, ապա խորհրդային արտադրության ռազմատեխնիկայի արդիականացում և սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր նմուշների ստեղծում:
Մ. Իսախանյանը նշեց, որ առավել արդյունավետ կլինի գյուտարարների համագործակցությունը ՀՀ ՊՆ-ի հետ, եթե գյուտարարներն աշխատեն վերը թվարկված խնդիրների լուծման ուղղությամբ:
«Այս պահի դրությամբ ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհուրդների նախագծում ընդգրկված են չորս ուղղություններ` մեքենաշինություն, բարձր տեխնոլոգիաներ, ֆիզիկա-մաթեմատիկա, քիմիա-կենսաքիմիա»,- ասաց Մ. Իսախանյանը` հավելելով, որ գյուտարարներն իրենց աշխատանքներում հաշվի առնեն այդ ուղղությունները:
ՊՆ ներկայացուցիչը խոստացավ օգնել գյուտարարներին իրենց գյուտերը ռազմաարդյունաբերական հանձնաժողովին կից երկու խորհուրդներում ներկայացնելու հարցում: «Եթե արված առաջարկը հաստատվի հանձնաժողովում, ապա ավտոմատ կերպով որոշվելու է տվյալ առաջարկի իրագործման համար պահանջվող գումարի չափը և տրամադրումը գյուտարարին»,- ասաց նա:
«Նոյյան Տապան» Հիմնադրամի «Գյուտարարների ակումբի» քննարկմանը մասնակիցում էր նաեւ ՀՀ ՊՆ ռազմատեխնիկական ծառայության պետ, գնդապետ Կամո Միրզոյանը, ով անհատական զրույցների միջոցով մանրամասնորեն ծանոթացավ գյուտարարներից յուրաքանչյուրի առաջարկին:
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» լրատվական